ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2015-ին իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջնորդվելով բացառապես թիրախային վերլուծություններով, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Արդյունքում օպերատիվ հետախուզության վարչությանը հաջողվել է կիրառվող մեղմ վարչարարությանը զուգընթաց, ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր եւ բացահայտել տնտեսական իրավախախտումների բազմաթիվ դեպքեր:
Ըստ ՕՀՎ 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի, իրականացված 3508 հսկողական միջոցառմամբ արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 13.7 մլրդ դրամ` 2014թ-ի 4251 հսկողական աշխատանքներով արձանագրված՝ 12.1 մլրդ դրամի դիմաց. «2015թ-ի հսկողական աշխատանքների քանակի 2014թ-ի նույն ցուցանիշի համեմատ 743-ով կամ 1/3-ով նվազելու պայմաններում՝ արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի բացարձակ աճ կամ այլ կերպ ասած` ավելի քիչ վարչարարական միջոցառումների արդյունքում ձեռք է բերվել ցուցանիշների ակնհայտ աճ նախորդ տարվա համեմատ»:
Ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների հայտնաբերմանն ուղղված օպերատիվ-հետախուզական 2130 միջոցառմամբ կազմվել է 818.7 մլն դրամի վարչական ակտ: Հարկային ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրվել է գործարքների փաստաթղթավորման աճ. ընթացիկ տարում դուրս է գրվել 9.725.486 հարկային հաշիվ (վավերացված եւ հաստատված գնորդի կողմից), որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է 1.94 տրիլիոն դրամ, 2014թ-ի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 12.2%-ով, իսկ հարկային հաշիվներում առանձնացված գումարը` մոտ 150 մլրդ դրամով կամ 8.4%-ով:
Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 231 միջոցառմամբ կազմվել են վարչական ակտեր՝ ընդհանուր 116.8 մլն դրամի չափով՝ 2014թ-ի համեմատ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքերը նվազել են 115-ով: Հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 13 դեպք, ինչի արդյունքում առաջադրվել է պետբյուջե վճարման 9.2 մլն դրամ: Իրականացվել է նաեւ 464 մասնակի ստուգում, որից՝ 36 չափագրում, 191 չգրանցված աշխատողի հայտնաբերման, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 121 ստուգում եւ այլն: Արդյունքում պետբյուջե առաջադրվել է վճարման 81.7 մլն. դրամ, հայտնաբերվել է 276 չգրանցված աշխատող: ՕՀՎ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաեւ 3-րդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին 2015թ-ի ընթացքում ուղարկվել է 560 նյութ, որից 14-ի մասով հարուցվել է քրեական գործ (քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով): Իրավապահ մարմինների պահանջով վարչության կողմից 97 դեպքով իրականացվել է նախնական հաշվարկ՝ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ:
Տեղեկատվական բազայի տվյալների համադրումներով առանձնացված, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներ ճանաչվել են փոխկապակցված եւ շրջանառության հարկի դաշտից անցել են ընդհանուր հարկման դաշտ: Ընթացիկ տարում իրականացված աշխատանքների արդյունքում 150-ից ավել տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են մոտ 13 հազար չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտումով ապրանքներ: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 604 ստուգմամբ արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 12.7 մլրդ դրամ. 2014թ-ի համեմատ՝ ստուգումների քանակը նվազել է 106-ով, իսկ հայտնաբերումն ավելացել է 17.5-%-ով կամ 1.9 մլրդ դրամով: «Առանձնակի հսկողություն է իրականացվելու նախատոնական եւ տոնական օրերին՝ առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման եւ տեղափոխման դեպքերը բացահայտելու, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից փաստացի իրացման շրջանառությունների ճիշտ հայտարարագրման եւ բոլոր գործարքների ամբողջական փաստաթղթավորման նպատակով»,-ընդգծել է Աշոտ Զաքարյանը:




























