«Մեզ համար դա շատ կարեւոր պահ է, որովհետեւ Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմի նպատակը նրա նկատմամբ  խնամակալության հաստատումն էր», -  «Ալ-Մայադին» հեռուստակայանին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը: Նրա հարցազրույցի տեքստը տարածել է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:  

«Մենք թիվ 2254  որոշումը վատը կամ լավը չենք համարում, դա միջազգային հանրության որոշումն է եւ մեր մեջ այն մտահոգություն չի առաջացնում,-ընդգծել է Շաաբանը: Մենք պատրաստ կլինենք փոխգործակցել այդ որոշման ուղղությամբ, սակայն բանակցություններին մեզ իրավունք կվերապահենք անկախ որոշում կայացնելու»:

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած որոշումը, որն իր աջակցությունն է հայտնում Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վիեննական պայմանավորվածություններին, նախատեսում է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների եւ Սիրիայի կառավարության բանակցություններ   (2016-ի հունվարին), որոնք  կհանգեցնեն կառավարության ձեւավորման, սահմանադրության ընդունման եւ 18 ամսվա ընթացքում համընդհանուր բանակցությունների անցկացման: 

Ինչպես նշել է Սիրիայի նախագահի խորհրդականը, «Արեւմուտքի համար իհարկե հեշտ չէ նահանջել նախկին դիրքերից, սակայն ռուսական դիվանագիտության լավ մտածված ռազմավարությունն իր պտուղները տալիս է»: «Սիրիան ներկայումս անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան նախկինում… Ռուսական ռազմական գործողությունը սիրիական ճգնաժամի լուծման համար մեծ նշանակություն ունեցավ», - ասել է նա:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2253 որոշմանը, որը նախատեսում է ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրների փակում, այն, Շաաբանի խոսքով,  «ամբողջությամբ արտացոլում է Դամասկոսի պահանջը»: Միաձայն ընդունված այդ փաստաթուղթը ենթադրում է թուրքական սահմանի փակում, ինչը հարված է հասցնում Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային` ավազակային խմբավորումների հիմնական հովանավորներին: Նրանք ստիպված կլինեն ենթարկվել այդ որոշմանը», - նշել է Սիրիայի նախագահի խորհրդականը:

Նրա խոսքով, «այդ որոշման իրականացումը ճանապարհ է բացում քաղաքական գործընթացի համար եւ կառավարությունը մաս կկազմի դրան»: Շաաբանն առանձին նշել է, որ Սիրիայում կարգավորումը «պիտի նախատեսի երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացում»: