Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ամբաստանյալ կուրսանտ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազ Հայկ Հարոյանի դեմ:
Փաստաբանը նշեց, որ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի Վաչե Սահակյանի նկատմամբ, քննությունը օբյեկտիվ չի անցկացրել: Նրա խոսքով՝ ինքը մի շարք՝ այդ թվում դատահոգեբուժական ու դատահոգեբանական փորձաքննություններ անցկացնելու մջնորդություններ է ներկայացրել, որոնք դատախազը անհիմն մերժել է:
«Նույն ննջասենյակում քնող կուրսատները դեպքի վերաբերյալ իրարամերժ ցուցմունքներ են տվել ու դրանք պետք է հիմք հանդիսանային մտածելու, որ այդ կուրսանտներն են կատարել Հայկազ Բարսեղյանի սպանությունը՝ մասնավորապես Կարեն Բաղրամյանը»,- ասաց փաստաբանը:
Մյուս 3 ամբաստանյալների պաշտպանները միացան նրա միջնորդությանը:
«Դատախազը նոտարի դեր է կատարել. քննիչն ինչ գրել է, նա էլ հաստատել է: Իմ պաշտպանյալը սպանության հետ կապ չունի: Մովսես Ազարյայի հայրն ու մայրը Արցախում կռված են, նա լավ ընտանիքի զավակն է»,- ասաց Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը:
Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ գործի ապացույցները այն մասին են վկայում, որ Հայկազ Բարսեղյանը ինքնասպան է եղել:
Տուժող կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը:
Նշենք, որ այսօր, ըստ էության, առաջին դատական նիստն է կայանում: Նախքան այս 4 նիստ հետաձգվել է՝ պաշտպանների բացակայության վերաբերյալ: Այսօր նիստին առաջին անգամ ներկայացել են բոլոր ամբաստանյալներն ու պաշտպանները՝ այդ թվում Վարազդատ Սաֆարյանը, որը ժամկետային զինծառայության մեջ է, գործով անցնում է ոչ թե սպանության, այլ նույն ինստիտուտի այլ կուրսանտների մյուս ամբաստանյալներից մի քանիսի հետ ծեծի ենթարկելու մեջ: Տուժող կողմից դատարանում է տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը, սպանված Հայկազ Բարսեղյանի մայրը դատարան չի եկել:
Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:




























