Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը "ցանկության դեպքում կարող է այցելել Թուրքիա՝ դիտելու թուրքական եւ հայկական հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը՝ միաժամանակ Հայաստանի նախագահին խորհուրդ տալով դրա համար օգտվել ինքնաթիռից: «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է Թուրքիա մեկնել ինքնաթիռով»,- մանրամասնել է նա:
Տեղական հեռուստաալիքներից մեկի եթերով մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե կայցելի Թուրքիա միայն այն դեպքում, եթե բացվի հայ-թուրքական սահմանը կամ էլ երբ այդ հարցում առաջընթաց գրանցվի, Քըլըջը հայտարարել է. «Այդ խաղին մնացել է մոտ 50 օր: Եթե Հայաստանի հարգելի նախագահը ցանկանա դիտել խաղը, խնդրեմ, նա կարող է դիտել այն»: Միաժամանակ, թուրք դիվանագետը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուալ Գյուլն անցած տարի այցելեց Երեւան՝ դիտելու թուրքական եւ հայկական հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», դեսպանը նաեւ մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հարցը: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցում առաջընթացի դեպքում առաջընթաց կլինի նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: Այժմ, ադրբեջանա-հայկական հարաբերություններում առաջընթացի բացակայության պայմաններում ընդմիջում է հայտարարվել նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: Բայց հետագայում կարող է առաջընթաց լինել: Դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- ընդգծել է դեսպանը:
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ հանդիպումը կայանալու է Բուրսայում:




























