Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը «ազգի առաջնորդ» կոչումն է ստացել, հաղորդում է երկրի նախագահի մամուլի գրասենյակը:

Ինքը՝ նախագահը, ստորագրել է կոչումը հաստատող համապատասխան օրենքը, որը վերնագրված է. «Խաղաղության եւ ազգային միասնության հիմնադիր ազգի առաջնորդի մասին»: Տաջիկստանի խորհրդարանը միաձայն հաստատել է օրենքը, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդագրությունում ասվում է, որ կոչումը հիմնադրվել է «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության հիմքերի, ազգային անկախության եւ տարածքային ամբողջականության, կայունության, ժողովրդավարության, ինչպես նաեւ տնտեսական ու մշակութային արժեքների ամրապնդման նպատակով»:

Ազգի առաջնորդն ունի անձեռնմխելիություն եւ հատուկ իրավական կարգավիճակ, նրա պատվին կստեղծվեն թանգարաններ, արխիվներ ու գրադարաններ:

Մամուլի ծառայության մեկնաբանություններում ասվում է, որ այդ որոշումը կայացնելիս Տաջիկստանի իշխանություններն օգտագործել են ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Ղազախստանի փորձը: