Լույս չորեքշաբթի գիշերը, Դերբենտի ներքին գործերի բաժանմունքի շենքի վրա հարձակման հետեւանքով զոհվել է մի ոստիկան եւ մի քաղաքացի, առնվազն 14 մարդ ստացել են վնասվածքներ, չորեքշաբթի օրը, «РИА Новости»-ին հայտնել է Դաղստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։

«Դերբենտում ներքին գործերի բաժանմունքի շենքի մոտ մեքենայի պայթյունից առաջ անհայտ անձինք ավտոմատից շենքի ուղությամբ կրակ էին արձակել։ Կրակոցները արձակվում էին երկու կետերից։ Ոստիկանության 7 աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում»,- ասել է մամլո ծառայությունը։

Ըստ տեղեկատվության, կրակոցներից մոտ 40 րոպե հետո պայթյուն է տեղի ունեցել։

«Ոստիկանական բաժանմունքի շենքի մերձակայքում կանգնած „Ժիգուլի“ մակնիշի ավտոմեքենայում գործի է գցվել անհայտ տեսակի ու հզորության պայթուցիկը։ Պայթեցված մեքենայի բեռնախցիկում գտել են վարորդի դին։ Պայթյունի հետեւանքով վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների 3 աշխատակից եւ 4 քաղաքացի», — հավելել է մամլո ծառայության ներկայացուցիչը նշելով, որ տվյալները դեռ ճշտվում են։

Քաղաքում մտցված է"Վուլկան-5" գործողության ծրագիրը, հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։