Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցների կողմից ահաբեկչության մեջ կասկածվող անձանց նկատմամբ կիրառված քննչական միջոցառումերի վերաբերյալ գաղտնազերծված հերթական տվյալները՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հետախուզական վարչության գործունեության հետաքննություն սկսելու առիթ են հանդիսացել,- հաղորդում է

Reuters-ը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հետաքննության պատասխանատու է նշանակել դաշնային մեղադրող Ջոն Դարեմին։

ԱՄՆ առաջատար երկու թերթերը՝ The New York Times-ն ու The Washington Post-ը, դեռևս շաբաթ օրը հրապարակել էին հարցաքննությունների ժամանակ ԿՀՎ-ի աշխատակիցների կողմից կասկածյալներին ջրային խոշտանգումների ենթարկելու, ինչպես նաև կալանավորներին շարժումները սահմանափակող պատժախցերում պահելու մասին նյութեր։

Հրապարակվել էին նաև այնպիսի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, թե հարցաքննությունների ժամանակ հետաքննողները մահապատիժ են բեմադրել, սպառնացել են ատրճանակով ու էլեկտրական գայլիկոնով, ինչպես նաև հայտարարել են, թե կսպանեն կասկածյալի երեխաներին՝ ԱՄՆ տարածքում նոր ահաբեկչությունների դեպքում։

Մինչդեռ, օգոստոսի 24-ին Սպիտակ տունը հայտարարել էր հատկապես վտանգավոր ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց հարցաքննության նոր հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին։