«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները գրոհայիններին թույլատրել են փոխպատվաստման նպատակով հանել գերիների օրգանները: Այդ մասին ասվում է փաստաթղթում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ: Նշենք, որ այն ամերիկյան հատուկ ջոկատի կողմից հայտնաբերվել էր 2015-ի մայիսին` Արեւելյան Սիրիայում գործողության ընթացքում:
Փաստաթղթում ասվում է, որ «ուրացողի» կյանքը եւ օրգանները կարող են անպատիժ խլվել, եթե դրանք կարող են փրկել մահմեդականի կյանքը: Նույնը վերաբերում է նաեւ գերիների օրգանները հանելուն, նույնիսկ եթե դա նրանց մահվանն է հանգեցնում
Ինչպես ընդգծում է Reuters-ը, այդ փաստաթուղթը չի ապացուցում, թե ԴԱԵՇ-ի գրոհայինները զբաղվում են գերիների օրգանները հանելով եւ դրանց վաճառքով: Սակայն դա կրոնական թույլտվություն է տալիս դրան, տեղեկացնում է Lifenews-ը:
Սա ԴԱԵՇ-ի միակ սոսկալի ֆեթվան (այսինքն` կրոնական օրենքը) չէ, որ հայտնաբերվել է ահաբեկիչների տարածքում: Այսպես` մեկ ուրիշում նշված են կանոնները, որոնց գրոհայինը պիտի հետեւի գերուհուն բռնաբարելիս: Նշված է, թե ինչ դեպքերում եւ պայմաններում է դա թույլատրված:




























