2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության աննախադեպ աճ է արձանագրվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, դա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարեւոր նպատակն էր, որի իրականացումն ապահովվել է: «Շատ կարեւոր է, որ 2015-ին կուտակվածը չմարի, քանի որ շոշափելով Հայոց ցեղասպանության թեման, մենք լուծում ենք մի քանի խնդիր՝ Հայաստանի անվտանգության խնդիրը, ԼՂՀ անվտանգության խնդիրը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական թեմա չէ, այլ ապագայի թեմա է, եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելուներին կարեւոր մեսիջ է հղվում, լինի նախագահ, թե սովորական քաղաքացի:

Հանդիպման մեկ այլ մասնակից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ 2011-2015 թվականներին շուրջ 70 գիրք է հրատարակվել անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հայերեն:  Նա հատկապես առանձնացրեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» գիրքը: