ՆԱՏՕ-ի էքսպանսիայի զսպումը ռուսական ամենակարեւոր ռազմավարական խնդիրներից է, ինչի հետ կապված` Չերնոգորիայի` այդ միությանն անդամակցելը կարող է Ռուսաստանի համար «մատի փուշ» դառնալ, գրում է Foreign Affairs ամսագիրը:
Հոդվածի հեղինակի կարծիքով, զարմանալի ոչինչ չկա նրանում, որ Ռուսաստանը արագ դատապարտել է ՆԱՏՕ-ի նման հրավերը, որն ուղղված է Չերնոգորիային, որն ընդամենը ինը տարի առաջ է անկախություն ձեռք բերել Ռուսաստանի դաշնակից Սերբիայից: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վայրկենապես խոստացել է, որ դաշինքի ընդլայնումը պատասխան ռեակցիա կառաջացնի, գրում է Gazeta-ն:
Քանի որ աշխարհագրական տեսանկյունից Չերնոգորիան խիստ հեռու է Ռուսաստանից, Մոսկվան ամենայն հավանականությամբ կփորձի գործել` օգտագործելով տնտեսական եւ քաղաքական ուղիները: Նշվում է, որ Չերնոգորիայում ՆԱՏՕ-ի հակառակորդներ կան, որոնց թվում են ինչպես ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, այնպես էլ քաղաքական գործիչներ, որոնք ցանկանում են պահել իրենց կապերը ռուս եւ սերբ գործընկերների հետ: Եթե Ռուսաստանը որոշի աջակցել նրանց դժգոհությանը եւ բողոքներին, Չերնոգորիան ՆԱՏՕ-ի աչքում անկայուն դաշնակցի կերպար ձեռք կբերի:
Պարբերականի տվյալներով, չերնոգորյան անշարժ գույքի մոտ 40 տոկոսը ռուսաստանցիներին է պատկանում, ինչով պայմանավորված` Ռուսաստանը զգալի տնտեսական ազդեցություն ունի այդ երկրի վրա: Այն բանի հետեւանքով, որ ուկրաինական հարցում Չերնոգորիան Արեւմուտքին է աջակցել, Մոսկվան արդեն նրա վրա մթերային էմբարգո է դրել, իսկ Չերնոգորիայի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հետեւանքով Ռուսաստանը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել:



























