Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 28-ին, օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-ից 2 աստիճանով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մինչեւ դեկտեմբերի 29-ը առանց տեղումների եւ տաք եղանակը կպահպանվի: Դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-ից 2 աստիճանով եւ Երեւանում ցերեկը կլինի մինչեւ 7-ից 8 աստիճան տաքություն»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Ամանորից մի քանի օր առաջ պարզ կլինի՝ այդ օրը ձյուն կտեղա, թե ոչ:

«Ներկա պահին Սկանդինավիայի շրջաններում ձեւավորվել է ցիկլոն, որը գտնվում է Հայաստանից 7000 կմ հեռավորության վրա: Ցիկլոնը կարծես թե շարժվում է դեպի Կովկաս, սակայն պետք է ասեմ, որ այն դրսեւորում է բավական անկայուն վարքագիծ, շարժման  արագությունը մեկ մեծանում է, մեկ փոքրանում»,- ասաց նա՝ նշելով, որ նման պայմաններում դեռ հնարավոր չէ հստակ որոշել՝ Ամանորին այն կհասնի Հայաստան թե ոչ: