ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան բազմազան մշակույթի հարուստ ներկապնակից սեպտեմբերից 11-15-ը հայ հանդիսատեսին կներկայացնի ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խմբին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում:
«Բրազավիլ» խումբը ձեւավորվել է 1997թ եւ թողարկել է 9 ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Դրանց շարքում են «Դեռահասի ամառային օրերը» եւ «Արեւելյան Լոս-Անջելեսի զեփյուռը» ալբոմները, որոնք ռուսական հիթ շքերթների ամենապատվավոր տեղերում հայտնվեցին:
«Բրազավիլը» Երեւանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00 Սիրահարների այգում, հասցեն` Բաղրամյան 21: Սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00 համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում: Խումբը նաեւ հանդես կգա երաժշտական դպրոցի սաների համար Հրազդան քաղաքում եւ կանցկացնի վարպետության դասեր Երեւանում: Բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է:





























