Արդեն ընդունված օրինագիծը, որը արտոնագրումից ազատում է գյուղերում փոքր շինարարությունները, կհեշտացնի գյուղացիների կյանքը: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

«Արտոնագրման մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ընդունվել են դեկտեմբերին ու պետք է ուժի մեջ մտնեն հունվարից, վերացնում են այն պահանջը, որ նման շինարարությունը պետք է արտոնագրված կապալառուն իրականացնի՝ տեխնիկական վերահսկիչի հսկողությամբ:

Այս փոփոխությունը վերաբերելու է մինչեւ 300 քառ. մ մակերեսով բնակելի տներին՝ մինչեւ երկու հարկ բարձրությամբ ու 1 նկուղային հարկով, Քաղաքաշինության նախարարության տիպային նախագծերով կառուցված տներին, նաեւ մինչեւ 150 քառ. մ մակերեսով օժանդակ կառույցներին ու մինչեւ 50 քառ.մ մակերեսով ավտոտնակներին, մինչեւ 1 հազար քառ մ մակերեսով ջերմոցներին ու ոչ կապիտալ կառույցներին՝ մինչեւ 300 քառ. մ գյուղատնտեսական ու մինչեւ 100 քառ. մ հասարակաական կառույցներին: Նման շինարարությունների համար անհրաժեշտ կլինի միայն հայտ ներկայացնել տեղի աշխատակազմին ու տեղի գլխավոր հատակագծում նշել ապագա կառույցի տեղը:

Այս պարզացումը թույլ է տալիս նշված տեսակի շինարարության ծախսերը կրճատել 35 տոկոսով:

Եթե արտոնագրված կապալառուն պարտադիր չէ, ուրեմն տեսականում գյուղացիները կարող են իրենք կառուցել շինություն՝ օրինակ իրենց ընտանիքի անդամների օգնությամբ: «Մենք որպես օգնություն կարող ենք նրանց նաեւ ուսումնական ձեռնարկներ տրամադրել »,- հավելեց Սարգսյանը: