Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատանքների գագաթնակետն է դարձել 2015 թ. ապրիլի 21-ին նոր մշտական ցուցահանդեսի բացումը: Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, դա ոչ թե մի քանի շաբաթվա աշխատանք էր,այլ երկարատեւ հետեւողական ու տքնաջան աշխատանքի արդյունք: «Մեզ մոտ հիմա հսկայական հավաքածու կա՝ ավելի քան 90 հազար ցուցանմուշով: Կարող ենք ասել, որ այս հաստատությունը աշխարհում միակն է՝ հայոց ցեղասպանության թեմայով նյութերի քանակով»,- շեշտեց Հայկ Դեմոյանը: Նա հավելեց, որ մշտական ցուցադրության ծավալը 2.5 անգամ ավելին է նախորդ ցուցադրություններից: «Մեր աշխատանքները չեն սահմանափակվել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրով: Աշխարհի ավելի քան 50 քաղաքներում ներկայացվել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունները: Եթե առանձնացնենք խոշորագույնները, պետք է նշենք, որ ապրիլի 23-ին տեղի է ունեցել աննախադեպ ցուցադրություն Եվրոպայի կենտրոնում՝ Փարիզի քաղաքապետարանում»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Ցուցադրությունը, նրա խոսքով, կոչվում էր «Հայաստան -2015 թ . քաղաք Փարիզը ընդունում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հավաքածուն»: Այն մեկուկես ամիս է տեւել: «Մոսկվայի Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում ներկայացվել էր «Ռուսական արձագանքը Հայոց ցեղասպանությանը » ցուցադրությունը, որը հինգ օր է տեւել»,- հավելեց Հայկ Դեմոյանը: