«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներքին կարգով ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին «կուլակաթափ» անելու գործընթաց է սկսել: Բանն այն է, որ ՄԿ նախկին նախագահի պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ նրա կուտակած գումարներն իրեն հասանելիքից մի քանի անգամ շատ են: Այլ կերպ ասած, պարզվել է, որ Ավետիսյանն իր պաշտոնավարման տարիներին խաբել է բարձրագույն ղեկավարությանը եւ «վերխերը» պակաս է վճարել: Այս հանգամանքը ի հայտ է եկել Ավետիսյանների տան վրա 2008-ի հոկտոմբերի 27-ի կեսգիշերի սահմաններում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո: ՄԿ նախկին նախագահի տնից տարված գողոնում եղել են շվեյցարական բանկերի գրքույկներ, որոնցից մեկը հասել է Սերժ Սարգսյանին: Արմեն Ավետիսյանի անունով, այդ գրքույկում արձանագրված է եղել 55 միլիոն եվրո շվեյցարական բանկում: Դրանից հետո Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՀՀ իրավապահներին հանձնարարել է Արմեն Ավետիսյանի դեմ նյութեր նախապատրաստել, որոնց հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հնարավոր կլինի քրեական գործ հարուցել: Արդյունքում, ՀՀ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները սկսել են ներքին կարգով վեր հանել նախկինում Արմեն Ավետիսյանի դեմ ստացած այն բողոքները, որոնք նրա կողմից քաղաքացուն կամ ընկերությանը հետապնդելու, ֆինանսական վնասներ պատճառելու վերաբերյալ են եղել:
Թերթի աղբյուրները նշում են, որ նախապատրաստվող նյութերին դժվար թե պաշտոնական ընթացք տրվի, քանի որ քիչ հավանական է համարվում, որ Ավետիսյանը համարձակություն ունենա հրաժարվել շվեյցարական բանկերի հաշվեհամարների վրա եղած գումարները ՀՀ բարձրագույն ղեկավարությանը հանձնելուց: Ուշագրավ է, որ Ավետիսյանների տան վրա կազմակերպված ավազակային հարձակման դեպքի փաստի առթիվ հարուցված քրեական գործում գողացված փաստաթղթերի շարքում հիշատակված են միայն անձնագրեր, դիպլոմներ, ծննդյան եւ ամուսնության վկայականներ, իսկ բանկային հաշվեհամարներին առնչվող փաստաթղթերի մասին՝ ոչ մի խոսք: Քրեական գործում ոչ մի խոսք չկա նաեւ այն մասին, թե ինչ է պահված եղել Արմեն Ավետիսյանի չհրկիզվող պահարանում, որը հանցագործներին չի հաջողվել բացել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այնտեղ եղել է 15 միլիոն կանխիկ եվրո, եւ այս մասին ինֆորմացիան հասել է նաեւ Սերժ Սարգսյանին: «Նրբությունն այստեղ այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություների ընթացքում Արմեն Ավետիսյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբին որպես անձնական ներդրում նվիրաբերել է ընդամենը 700 հազար դոլար՝ պատճառաբանելով, որ ավելիի հնարավորութուն պարզապես չունի»,-նկատում է թերթը:
Արմեն Ավետիսյանի անվտանգության ծառայության պետ Վարդան Արշակյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե սուտ եւ իրականությանը չհամապատասխանող են այն լուրերը, ըստ որոնց, ՀՀ իրավապահները Մաքսային կոմիտեի նախկին նախագահի դեմ քրեական գործ հարուցելու նպատակով նյութեր են նախապատրաստում: «Հետաքրքիրն այն է, որ Արմեն Ավետիսյանն անվտանգության ծառայություն ունի: Սրանից պետք է եզրակացնել, որ սեյֆում դեռ փող կա: Ընդ որում՝ շատ փող»,-ընդգծում է թերթը:





























