Ազատ մամուլն արժեք է, եւ մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր ելույթում նաեւ նշել է.

«Հարգելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, եւ յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաեւ դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:

Շնորհակալ եմ առաջին հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ձեր ներդրած ջանքերի եւ կատարած մեծածավալ աշխատանքի համար: Դուք եւ արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը: Միաժամանակ դուք նաեւ կարողացաք մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը ներկայացնել առաջադեմ մարդկության, նաեւ թուրքական հասարակության առողջ հատվածի համերաշխությունը մեր ժողովրդի ցավին ու իղձերին:

Չեմ կարող շրջանցել մեր պետության զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին արձանագրած շրջադարձային առաջընթացի՝ Սահմանադրության փոփոխությունների թեման: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ բարեփոխումների ողջ գործընթացում ցուցաբերած պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ակտիվ աշխատանքի համար, որն արտահայտվեց կողմ եւ դեմ կարծիքների բազմությունը լայնորեն ներկայացնելուց սկսած մինչեւ հանրաքվեի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում եւ մատնանշում: Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին ձեր մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը:

Հարգելի՛ լրագրողներ,

Ձեզնից շատերը տարվա ընթացքում իրենց առաքելությունն իրականացնելիս երբեմն բախվել են դժվարությունների եւ պատվով հաղթահարել դրանք: Մեկ առանձին դրվագում, անշուշտ, գործ ենք ունեցել նաեւ իրողության հետ, որը չի տեղավորվում լրագրողական գործունեության ազատության այն պատկերացումների մեջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունում եւ իշխանությունում վաղուց արդեն կա կատարյալ կոնսենսուս: Գոհացուցիչ է, որ տվյալ դեպքում արձագանքն էլ համահունչ էր բոլորի կողմից: Իսկ ընդհանուր առմամբ, այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, եւ սա համատեղ հետեւողական աշխատանքի արդյունք է եւ մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի եւ անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որեւէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաեւ մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, եւ մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք:

Սիրելի՛ լրագրողներ,

Մենք մտնում ենք 2016 թվական մեծ հույսերով եւ ծրագրերով: Միաժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, եւ դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Մեր փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, որից անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ գալիք տարում եւս ձեր գործունեությունն իրականացնեք մասնագիտական պարտքի բարձր զգացումով, լինեք սկզբունքային եւ հետեւողական: Ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, իսկ ձեր ձեռնարկներին՝ հաջողություններ:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ: