Բնակարանաշինության նոր կոմբինատը պիտի 40 տոկոսով էժանացնի Հայաստանում բնակարանային շինարարությունը: Այդ մասին դեկտեմբերի  25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով    2015-ի արդյունքները:

Հայաստանում մեծ է սոցիալական բնակտարածքի պահանջը: Երկրաշարժից տուժածներից բացի, պետք է մտածել վթարային տների բնակիչների վերաբնակեցման մասին, իսկ վթարային շենքեր Հայաստանի շատ քաղաքներում կան, այդ թվում նաեւ` Երեւանում: Երկրաշարժից տուժած Գյումրիում եւ Վանաձորում 3-րդ մակարդակի վթարայնությամբ տների թիվը մոտ 100 է, այսինքն անհրաժեշտ է վերաբնակեցնել ոչ միայն նրանց, ովքեր 80-ականների վերջին   կորցրել են իրենց տները, այլեւ այն շենքերի բնակիչներին, որոնք այժմ կարող են փլվել: 

Նախարարի խոսքով, ինքն անձամբ հանդիպել է ավելի քան 30 ընկերության ներկայացուցիչների, որոնք շենքերի ամրացման նոր տեխնոլոգիաներ են առաջարկում:  

«Մեր խնդիրն է` ավելի արագ եւ մատչելի կառուցել:  1 քմ սոցիալական բնակտարածքի կառուցումը միջինը 250 հազար դրամ (մոտ 520 դոլար, խմբ.) արժե: Գյումրիում հանդիպմանը մենք հայտնել ենք, որ արդեն կառուցվում է գործարան, որը կկարողանա մոտ   40 տոկոսով նվազեցնել շինարարության գինը», – հավելել է նախարարը: