Սիրիական հակամարտության ազդեցությունը Հայաստանի անվտանգության խնդիրների վրա 2015թ. Հայաստանում շատ զգացվեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ ամփոփելով 2015թ. տարածաշրջանային գործընթացները:

«Դա այնքան էլ ուղղակի ազդեցություն չէ, պարզապես պայմանավորված է նրանով, որ մեր անվտանգության խնդիրների վրա լրջագույն ազդող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստան, նաեւ Թուրքիա ուղղակի բավականին լուրջ առճակատման եւ դիմակայության վիճակի հասան, եւ բնական էր, որ դա պետք է ազդեր Հարավային Կովկասի եւ մեզ վրա»,-նշեց նա:

Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ պատահական չէ, որ տարվա ընթացքում այդպես էլ թուլացման նշաններ ցույց չտվեց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական սահմանագծին տիրող լարվածությունը:

«Որքան որ էսկալացիան շարունակվեց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, նույնքան եւ դրան զուգընթաց պահպանվեց լարվածությունը եւ մեր տարածաշրջնում: Խնդիրն այն չէ, որ այդ երկրները փորձում էին ապակայունացնել իրավիճակը, պարզապես Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց խոցելի կետ է, եւ շատ զգայուն է հիմնական դերակատարների միջեւ ուժերի հավասարակշռության փոփոխությունների եւ առաջացող կոնֆլիկների եւ դիմակայության նկատմամբ»,-ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը կանխատեսեց, որ անվտանգության խնդիրը ընդգծված կլինի նաեւ 2016թ.: 

«Մտահոգիչ է, որ Կովկասը կհայտնվի ռուս-թուրքական հակամարտության կենտրոնում, որտեղ կարեւոր է Ադրբեջանի դիրքորոշումը: Ադրբեջանը բարդ խնդրի առաջ է կանգնած, եթե ինքը թեքվի դեպի Թուրքիա, ապա չբացառենք, որ Հայաստանը կարող է օգտագործվել Ադրբեջանի գլխին որպես մահակ, եւ մենք հասկանում ենք, որ վճառողը կարող ենք մենք լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ խոշոր խաղացողները ջանքեր են գործադրում կանխել նման զարգացումները տարածաշրջանում, որի մասին են խոսում Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսման փորձերը:

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում այս տարվա կարեւորագույն իրադարձություններից էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի արդյունքում, ըստ նրա, բոլորը պարտվեցին:

«Իշխանությունը դա արեց թուլացած, պառակտված, առանց ստրատեգիայի ընդդիմության խորապատկերին՝ մեծ հարված հասցնելով հանրային վստահությանը: Ընդդիմությունը պարզ չէր՝ ինչ էր ուզում, միայն ոչ էր ասում՝ չանելով որեւէ կառուցողական առաջարկ, դրա պատճառով էլ մոբիլիզացիա չեղավ»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետը նշեց, որ 2016թ. քաղաքական վարքագծերում կգերակշռեն անկանխատեսելի զարգացումները: