Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին:
Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարեւորելով նաեւ մշակութասեր սերունդ կրթելու եւ դաստիարակելու առաքելությունը:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի առաջարկությամբ մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին նոր բնակարաններ նվիրելը, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական եւ, տա Աստված, այնքան հնարավորություններ ունենանք, որ բնակարանի կարիք ունեցող վաստակաշատ մեր բոլոր գործիչներին օր առաջ կարողանանք ապահովել սեփական տանիքով: Թող նոր բնակարանները գալիք տարում նորանոր հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Աշոտ Գալստյանն ու Հարություն Շախկյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված եւ կարեւոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ ամանորյա անմոռանալի նվեր: Արվեստագետները նաեւ հավելել են, որ, շարունակելով իրենց աշխատանքը, անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երեւանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Աշոտ Գալստյանին եւ Հարություն Շախկյանին Երեւան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երեւանի ավագանին կայացրել է դեկտեմբերի 23-ին գումարած նիստում:



























