1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին ամբողջությամբ կվերաբնակեցնեն 2017-ին: Այդ մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը` ամփոփելով 2015 թվականը:
Գյումրի քաղաքում ծրագրի վերջին փուլում բնակտարածքի հերթում մոտ 450 ընտանիք էր մնացել: Նրանցից 230-ը բնակարան գնելու հավաստագիր է ստացել: Եվս 220-ը ներառվել է երկրորդ փուլում:
Գումարի հատկացումներ են նախատեսված նաեւ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում այլ տուժած տարածքների համար, հավելել է նախարարը:
2008-ին հերթում 5 363 ընտանիք էր մնացել, նրանցից 4 398-ի կամ 82 տոկոսի բնակարանային հարցը լուծված է: Մնացած 635 ընտանիքը 2016-17-ին բնակարան կստանան կամ գնման հավաստագիր:
Բացի այդ, 2016-ին Գյումրիից ոչ հեռու Ախուրյան գյուղում 3 բազմաբնակարանային շենք կամրացվի, որտեղ 104 ընտանիք է ապրում: Եվս 33 ընտանիք 4-րդ շենքից բնակարանի գնման հավաստագիր կստանա: «Այդ աշխատանքները ցանկանում ենք ավարտել ոչ միայն մինչեւ տարեվերջ, այլեւ` մինչեւ աշուն», - հավելել է նախարարը:



























