Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կոշտ թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները եւ ուսումնասիրությունները: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել է, մասնավորապես, Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության նախագիծը, որի նպատակը հանրապետության ողջ տարածքում այս համակարգի բարելավումն է: Քննարկվել են, մասնավորապես, ռազմավարությամբ սահմանված գերակայությունները, առաջարկվող միջոցառումները եւ ակնկալվող արդյունքները: Արծարծվել են ռազմավարության կյանքի կոչման հեռանկարներին ու մեխանիզմներին, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարության իրականացումը եւ հանձնարարել պատասխանատուներին շարունակել խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները: