Երուսաղեմից ընտանեկան զույգը ձերբակալվել է խաղատան պարտքերը փակելու նպատակով երեքամսական աղջկան վաճառելու փորձի համար: Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, ընտանիքի հայրը աղջկան 100 հազար շեկել է գնահատել (մոտ 26 հազար դոլար):
Իսրայելական ոստիկանության ներկայացուցչի խոսքով, երբ օրենքի պահապաններն իմացել են տղամարդու` երեխային վաճառելու պլանների մասին, նրա մոտ են ուղարկել իրավապահ մարմինների աշխատակիցների: Նրանք ներկայացել են որպես պոտենցիալ գնորդներ եւ մի քանի անգամ հանդիպել են նրան:
Վերջին հանդիպմանը չարամիտը բերել է աղջկան: Ոստիկանների խոսքով, այդպես նա փորձել է արագացնել գործարքի իրականացումը: Տղամարդը պնդել է նաեւ, թե մեկ ուրիշ ընտանիք հետաքրքրված է աղջկան գնելու հարցով (օրենքի պահապանները նշում են, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանել), տեղեկացնում է Lenta-ն:
Վաճառողին ձերբակալել են այն պահին, երբ նա աղջկան փոխանցել է քողարկմամբ աշխատող ոստիկանին: Հետագայում կալանքի է առնվել նաեւ նրա կինը, սակայն դեռ պարզ չէ հանցավոր սխեմայում նրա ներգրավվածության աստիճանը: Աղջիկը ներկայումս գտնվում է քաղաքային սոցիալական ծառայության աշխատակիցների մոտ:




























