Հասարակությունը հոգնել է իշխանությունից, լճացումն ակնհայտ է, հսկայական խզում է առաջացել գյուղերի ու Երեւան քաղաքի միջեւ, սա հետադիմություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով այս եզրահանգման է եկել հանրաքվեի նախընտրական քարոզարշավի օրերին՝ շուրջ երեք շաբաթ շրջելով Հանրապետության տարբեր մարզերում։
«Զարգացում չկա, մեր մարզերի բնակիչներն ընկճված են: Այն հնարավորությունները, որն ունի Երեւանի բնակչությունը հանապազօրյա հացը վաստակելու առումով, գյուղերում հեռու են այդ հնարավորությունից։ Մենք արդեն հասել ենք ծայրաստիճան վատ վիճակի: Մարդիկ հոգնել են իշխանությունից, փոփոխություն են ուզում»,-ասաց Ազատ Արշակյանը։
Նա նշեց, որ տարածքների համաչափ զարգացման մասին կառավարության խոստումները միայն խոսակցության մակարդակում են մնացել, իսկ իրականությունն աղետալի է, ինչն իրենք տեսան եւ վերլուծեցին երեք շաբաթվա ընթացքում։ Արշակյանի խոսքով, տարին ամփոփվեց նաեւ խայտառակ ընտրակեղծիքներով։
Անդրադառնալով 2015-ի դրական զարգացումներին, նախկին պատգամավորը մեծ իրադարձություն համարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելը. «Մեծ եղեռնից հետո մենք ոտքի կանգնեցինք, ունենք նվաճումներ, պետականություն եւ ազատագրած տարածքներ, մենք դեռ առաջ կգնանք, մենք դատապարտված չենք, մեր կենսունակությունը արձանագրեց 100-ամյակը»:




























