Լոռու մարզի Գուգարք գյուղում դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան բռնկված ու 5 ժամ անց մարված խոշոր հրդեհի հետեւանքով տուժած ընտանիքներին առայժ օգնության ձեռք է մեկնել գյուղապետարանը:

Համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղապետարանը կարողացել է հատկացնել ընդհանուր առմամբ 300 հազար դրամ:

«Երեք ընտանիքի, որոնք հարազատներ չունեն եւ մնալու տեղ էլ չունեն, 80 հազարական դրամ ենք տվել, իսկ մյուս երեք ընտանիքին՝ 20 հազարական: Հիմա սպասում ենք, մինչեւ մարզպետարանը կդիմի կառավարությանն այս 6 ընտանիքներին օգնելու հարցով»,- ասաց գյուղապետը:

Աշուղյանի խոսքով՝ այրված տնակներում բնակվելն անհնար է, դրանք ամբողջությամբ այրվել են: Թե որն է եղել բռնկված հրդեհի պատճառը, դեռեւս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում 2015թ. դեկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ: Հրշեջներին միայն 5 ժամ անց է հաջողվել մարել կրակը:

6 բնակարան է ամբողջությամբ այրվել:

Նշենք, որ երկու տարի առաջ նույն հասցեում կրկին հրդեհ էր բռնվել, ինչի հետեւանքով երկհարկանի շենքում բնակվող 8  ընտանիք անօթեւան էր մնացել, նրանց ամիսներ անց կառավարության ու բարերարների միջոցով ամիսներ անց բնակարաններ էին հատկացվել։