Արագածոտնի մարզում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի N զորամասի զինծառայող Դմիտրի Կորշունովը մեղադրվում է գողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կորշունովը հունիսի 6-ին ուշ երեկոյան զորամասից գնացել է Արագածոտնի մարզի Սադոնց գյուղ, որտեղ պատուհանի ճաղավանդակի անցքով ապօրինի մուտք է գործել Մ.Ուսուբյանին պատկանող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել է խոշոր եղջերավոր անասուն՝ 90 հազար դրամ արժողության:

26-ամյա Դմիտրի Կորշունովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: