Ճշմարտությունը սավառնում է օդում, եւ բոլորը տեսնում են այդ ճշմարտությունը: Ես չեմ ուզում գնալ իմ պաշտոնի համար պայքարելու ճանապարհով: Այդ մասին դեկտեմբերի   26-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:  

Նրա խոսքով, իրավաբաններն ասում են, որ բազմաթիվ խախտումների պատճառով   «կարելի է ուղղակի ջախջախել այդ ամենը»: «Իմ ընտանիքը դեմ է, որ գնանք այդ ճանապարհով, որովհետեւ նախ մեր առողջությունն ավելի կարեւոր է, եւ հետո` կստացվի, որ ես պայքարում եմ իմ պաշտոնի համար: Կներեք, ես պատրաստ չեմ դրան: Ես իմ տեղն ունեմ, իմ հասցեն, իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը», - ընդգծել է Կարեն Դուրգարյանը:

Այն հարցին, թե խնդիրն իր անձը չէ, այլ գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ չի պատրաստվում արդյոք պայքարել ամբողջ համակարգի դեմ, արվեստի գործիչը ընդգծել է . «Համակարգը փոխելու համար օրենք է անհրաժեշտ: Պետք է փոփոխել օրենքը, որպեսզի երաժիշտը, որը  7 տարեկանից կարիերա է սկսում, պաշտպանված լինի»:

Անդրադառնալով այն հարցին, որ 2 ամիս անց գլխավոր դիրիժորի պաշտոնը գուցե վերականգնվի եւ ուրիշ մարդ զբաղեցնի այն, Կարեն Դուրգարյանն ընդգծել է.  «Եթե իմ գործընկերը կարողանա նպաստել նվագախմբի առաջընթացին, ես մեծ ուրախությամբ կընդունեմ դա»:

Նշենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը որոշում է կայացրել վերացնել գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ օտարերկրյա դիրիժորների հրավիրել: Մեկ-երկու տարվա ընթացքում նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա: Նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը զբաղեցրած պաշտոնիօց ազատվել է առանց որեւէ բացատրության: