Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի անվան շուրջ ոչ պրոֆեսիոնալ վեճեր են տեղի ունենում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է կոմպոզիտոր եւ հասարակական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանը:
Նրա խոսքով, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր գործառույթներից: «Ես սպասում եմ, որ Օպերայի եւ բալետի թատրոնում կդրվի ավանդույթները շարունակելու հարցը, որոնք մեզ են հասել որպես ազգ: Այսօր այստեղ իշխում են ինտրիգները: Դու չես լինի գլխավոր դիրիժորը, դա ժամանակավոր է: Հստակ երեւում է, եթե դա երկու ամսով է, նշանակում է, քո փոխարեն ուրիշն է գալու: Երկրորդ, պատկերացրեք նավ, որը չունի նավապետ»,-նշել է Ամիրխանյանը:
Կոմպոզիտորը հարց բարձրացրեց, թե վերջին 8 տարվա մեջ եղե՞լ է արդյոք ազգային օպերային երաժշտության ինչ-որ նախաձեռնություն, երբ Գեղամ Գրիգորյանը ղեկավարում էր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: «Ես լսել եմ, որ օտարերկրացի դիրիժոր բերելու մտադրություն կա: Օտարերկրացի դիրիժորը չի կարող չի կարող ապրել մեր ազգային օպերային երաժշտության խնդիրներով»,-ընդգծել է Ամիրխանյանը՝ հավելելով, որ Կարեն Դուրգարյանը հայ ազգային մշակույթի կարեւոր գործիչներից մեկն է:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը առաջարկել է կրճատել թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ հրավիրել օտարերկրյա դիրիժորների: Նրա խոսքով, 2 տարի նվագախումբը չի ունենա գլխավոր դիրիժոր: Երաժիշտները դեմ են այդ որոշմանը եւ պաշտպանում են իրենց դիրիժոր Կարեն Դուրգարյանին:



























