Արարատի մարզում սեպտեմբերի 10-ին զանգվածային թունավորման գործով մեղադրյալ, «Գոհար Սարգսյան» ՍՊԸ-ի աշխատակից Գրիգոր Նազարյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նման որոշում դեկտեմբերի 25-ին կայացրել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:

Գրիգոր Նազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատավճռի հետ համաձայն չէ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Գոհար Սարգսյան» ՍՊԸ-ի աշխատակից Գրիգոր Նազարյանը Բաղրամյան գյուղում գտնվող հրուշակեղենի արտադրամասում չի պահպանել «Սննդամթերքի հիգենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները: Որպես սննդի շղթայի օպերատոր՝ Գրիգոր Նազարյանը, սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն: Սրա հետեւանքով արտադրվել է սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հրուշակեղեն, այն է` երկրոդային աղտոտվածությամբ` ԱՑԽՄ /Աղիքային ցուպիկ/ եւ Բացիլուս Ցերեուս /Bacillus cereus/ տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն:

Արտադրված ապրանքը սեպտեմբերի 10-ին Նազարյանն առաքել է Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է դպրոցականներին: Արդյունքում նույն օրը Այգեզարդի միջնակարգ դպրոցի 8 եւ Բաղրամյանի միջնակարգ դպրոցից 44 աշակերտ թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է հիվանդանոց:

Գրիգոր Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:

Ժամանակավորապես դադարեցվել է դպրոցի սննդի կետի գործունեությունը: