Չինաստանի իշխանությունները երկրից արտաքսում են ֆրանսիացի լրագրողին, որը գրել է Սինցզյան նահանգում ույղուրների նկատմամբ ՉԺՀ իշխանությունների քաղաքականության մասին:
Ուրսուլա Գոթիեն, որն աշխատում է ֆրանսիական l'Obs ամսագրում, պատմել է, որ Չինաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է երկարաձգել իր փրես քարտը, որի ժամկետը լրանում է այս տարի:
Նա 2012-ից ի վեր առաջին արտասահմանցի թղթակիցն է, որին Չինաստանն արտաքսում է երկրից: Այն ժամանակ ՉԺՀ իշխանությունները թույլ չէին տվել «Ալ Ջազիրա»-ի անգլալեզու ծառայության թղթակից Մելիսա Չանին շարունակել աշխատանքը:
Այս քայլը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի ԱԳ նախարարի եւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում անկայունությունը պահպանվում է արդեն մի քանի տարի: Ույղուրների մի մասը դժգոհ է նրանից, որ չինական իշխանությունները կառավարում են շրջանը, նրանք ավելի մեծ անկախություն են պահանջում Պեկինից:
Սինցզյանում մոտ 9 մլն մահմեդական ույղուրներ են ապրում, որոնք կազմում են բնակչության 45 տոկոսը: Իրավապաշտպանները նշում են պետության ռեպրեսիվ քաղաքականությունը ույղուրների մշակույթի եւ կրոնի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2009-ին ույղուրների եւ էթնիկ չինացիների միջեւ բախումների ժամանակ Ուրումչիում ավելի քան 150 մարդ էր մահացել:




























