Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կընդլայնի մայրական կապիտալի նպատակային օգտագործման հնարավորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015-ի արդյունքները:

Ընտանեկան կապիտալի ծախսման մոնիթորինգը պարզել է, որ 6 մլրդ դրամ միջոցներից, որը հատկացվել է երիտասարդ ընտանիքներին, ծախսվել է միայն 200 մլն-ը, հետեւաբար, որոշվել է ընդլայնել թույլատրելի օգտագործման տարբերակները: Մասնավորապես, բացի երեխաների հետագա ուսման ծախսերից, ծնողները կարող են ընտանեկան կապիտալն օգտագործել նաեւ գյուղատնտեսական վարկերը փակելու կամ մինչեւ հազար բնակիչ ունեցող գյուղերում կամ սահմանամերձ, նաեւ լեռնային բնակավայրերում տուն գնելու  նպատակներով:

Նշենք, որ 2014 թվականից 3-րդ եւ 4-րդ երեխայի համար նպաստը կազմում է մեկ մլն դրամ, 5-րդ եւ ավելի երեխաների համար՝ 1,5 մլն դրամ: Այդ գումարից ծնողներին անմիջապես տրվում է 500 հազար դրամը, մնացածը փոխանցվում է պետական հաշվեհամարին որպես ընտանեկան կապիտալ: