Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի բացառում, որ նախարարությունը կտեղափոխվի Գյումրի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ  Պողոսյանը։

Նշենք, որ նախարարությունը Գյումրի տեղափոխելու գաղափարը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին էր, ով ամեն գնով փորձում էր այդ ծրագիրն իրականացել։ Անգամ պաշտոնանկությունից ամիսներ առաջ նախարարի հետ այցելեց Գյումրի՝ համապատասխան տարածք փնտրելու։

Անդրադառնալով այս ծրագրի իրականացման հավանականությանը՝  Հասմիկ Պողոսյանն ասաց․

«Դա շատ ծախսատար ծրագիր է։ Ֆինանսապես դժվար ծրագիր է, չեմ բացառում, որ ժամանակի մեջ կիրականանա, բայց ոչ այս փուլում։  Այն մեծ խնդիրներ առաջացնող ծրագիր է եւ ոչ այս պահին իրագործելի, պատկերացրեք՝ մարդիկ ընտանիքներով Երեւանում են ապրում, երեխաները դպրոց են,  ու աշխատանքը չկորցնելու համար պետք տեղափոխվելու հարց է ծագում։ Ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները, դրանք երկար ժամանակ են պահանջում»։   Դիտարկմանը, թե ըստ լուրերի՝  նախկինում ինքն ավելի շատ անձնական դրդապատճառներով է դեմ եղել,  քան տեխնիկական, արձագանքեց․

«Ես բացարձակապես դեմ չեմ, ես մտածել եմ աշխատակազմի հարմարվելու մասին։  Ընտանիք ունեն, փոքր երեխաներ, ինչպես պետք է այս հարցերը լուծվեն։ Կարծում եմ՝ նորից վերադարձ կլինի տեղափոխվելուն, բայց ոչ այս պահի դրությամբ»։