2016 թվականին կենսաթոշակները բարձրացնելու համար պետական բյուջեում փող չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015-ի արդյունքները:
Կենսաթոշակները 15 տոկոսով բարձրացնելու համար պետք է 30 մլրդ դրամ, իսկ նման գումարներ բյուջեում չկա, հավելել է նա: Այդուհանդերձ, այն 250 մլրդ դրամը, որոնք հատկացվել են 2016-ին կենսաթոշակները վճարելու համար, նախարարությունն ուզում է օգտագործել առավելագույնս արդյունավետ, նշել է նախարարը:
2015 թվականի ընթացքում նախարարությունը կենսաթոշակներից ու նպաստներից տնտեսել է մոտ 7 մլրդ դրամ՝ թոշակառուների եւ նպաստ ստացողների ցուցակները ճշգրտելու արդյունքում:
2016-ին կենսաթոշակի չափը կմնա նույնը՝ բազային կենսաթոշակը՝ 16 հազար դրամ, առաջին 10 տարվա ստաժի համար՝ ամեն տարի 800-ական դրամ, մնացած տարիների համար՝ 500-ական դրամ: Այսպիսով, միջին կենսաթոշակը 2014-15 թվականներին բարձրացել է 10 տոկոսով եւ կազմել 41 հազար դրամ:



























