Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում արդեն 1,5 տարի է՝ շարունակվում է «Խոսրովի անտառ»-ից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի աղմկահարույց գործով վերսկսված դատաքննությունը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրյալ Նորիկ Սարգսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ ընթերակաների եւ ոստիկանների հարցաքննությունից հետո էլ կողմերը ցանկանում են հարցաքննության կանչել քննիչին:
«Նման տրամադրվածություն կա կողմերի կողմից: Ամենայն հավանակությամբ, դեկտեմբերի 29-ին կայանալիք դատական նիստում կմիջնորդեն հարցաքննության հրավիրել գործով քննիչին»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանի խոսքով՝ առաջիկայում նաեւ գործում առկա բոլոր տեսագրություններն ու ձայնագրություններն են ուսումնասիրվելու դատարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խոսրովի անտառի աղմկահարույց որսագողության գործը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դեռեւս 2014թ. մարտին եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան: Ի դեպ, առաջին ատյանով 2 տարվա ազատազրկման դատապարտված Նորիկ Սարգսյանն արդեն կրել է պատիժը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը եւ նրա կինը` Մարինե Գրիգորյանը, ձեռք են բերել որսորդական հրացաններ, փամփուշտներ, գործարանային եւ ինքնաշեն թակարդներ, ձկնորսական էլեկտրական եւ գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ: Նրանք 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, պարբերաբար մուտք են գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ կատարել են Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որս: Ամուսինները մասնավորապես որսացել են մեկ կովկասյան գորշ արջ, բեզոարյան երկու այծ, 11 գլուխ խոզ եւ կարմրախայտ տեսակի 80 ձուկ:
Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել բնապահպան-ակտիվիստների բացահայտումները: Նրանք 2012թ. սեպտեմբերին Խոսրովի անտառում հայտնաբերել են որսագողության տարբեր հանցանշաններ, տեսաձայնագրել այդ ամենն ու հրապարակել լրատվամիջոցներով:




























