Գործարար տատին թալանելու, սպանելու, ապա նրա դին այրելու մեջ մեղադրվող 21 տարվա ազատազրկման դատապարտված Երեւանի բնակիչ 24-ամյա Ալբերտ Մոմջյանի պաշտպանը առաջին ատյանի որոշման դեմ բողոք է ներկալացրել ՀՀ Վերաքննիչ դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանը` հավելելով, որ արարքի որակման սխալ է թույլ տրվել, քանի որ իր պաշտպանյալին մեղսագրվող գողության փաստն ապացուցված չէ, իսկ գողության դրվագը խստացրել է նրա պատիժը:

«Հենց արարքի որակման մասով ենք բողոքարկում, եթե հոդվածը փոխվի, ապա պատժի ժամկետը կկրճատվի»,-նշեց պաշտպանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 17-ին Ալբերտ Մոմջյանին մեղավոր ճանաչեց` դատապարտելով 21 տարվա ազատազրկման: Մեղադրողը պահանջել էր 23 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատին` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Ալբերտ Մոմջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: