Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 4 կուրսանտներից Մովսես Ազարյանի հայրը՝ Ռոմիկ Ազարյանը պնդում է, որ որդին երբեք վատ վարք չի դրսեւորել, 12 տարեկանից «Փոքր Մհեր» կրթահամալիրում է սովորել ու դասախոսական կազմը միշտ գոհ է եղել նրանից:

«Մանուկ հասակից տվել եմ հայրենիքին: Մեր պետության դաստիարակած երեխեն է, ես իմ երեխուն տարվա մեջ չորս անգամ էի տեսնում: Կրթահամալիրի դասախոսն էլ միշտ ասել են՝ որպես տղա՝ տղա ա, որպես մարդ՝ մարդ  ա, պատրաստի զինվոր: Մովսեսին ով ճանաչում է, ոչ մեկ չի հավատում, որ նման բան է եղել: Չեմ լսել, որ ինքը ինչ-որ մի տեղ մեկին ցավացնի,  նեղացնի»,- ասաց հայրը:

Ռոմիկ Ազարյանը պատմեց, որ սպանության դեպքից հետո մի անգամ է խոսել որդու հետ ու նա հավատացրել է, որ կապ չունի սպանության հետ: 

«Ասել ա՝ ոնց հպարտ քայլել ես, տենց հպարտ էլ քայլի, իմ մատը էդ երեխուն չի կպել»,- ասաց Ռոմիկ Ազարյանը:

Մովսեսի հայրը նշեց, որ որդու մեղավորությունն ապացուցող ոչ մի փաստ չկա գործում:

«Ո՞նց կարելի է մարդու երակը փռթել, շոր հագցնել, տանել, կախել, ու ոչ մի մատնահետք, արյան հետք չմնա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոմիկ Ազարյանը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն արդեն մեկնարկել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա նրա դին տարել, կախել մարզահրապարակի  պտտաձողից: