Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը մերժել է ռուսական կողմի տարածած տեղեկատվությունը, թե ուկրաինական զինուժը մասնակցել է Կովկասում օգոստոսյան պատերազմին։ Ինչպես հայտնել է BBC-ին, Ուկրաինայի գլխավոր շտաբի մամլո ծառայության պետ Սերգեյ Կուզմինը. «Դա քարոզչություն է: Մեր զինուժի ստորաբաժանումներն այնտեղ չեն եղել»։

Նշենք, որ Ռուսաստանը չի էլ հաստատել, թե անցյալ տարվա օգոստոսին Վրաստանի կողմից պատերազմել է հենց Ուկրաինան: Ռուսաստանի դատախազությանն առընթեր Հետախուզական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, օգոստոսի 24-ին հայտնել է, որ ռուսական կողմը ունի անհերքելի ապացույցներ՝ «Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ժողովրդական պաշտպանություն» ուկրաինական ազգային կազմակերպության ներկայացուցիչների Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ։ Վլադիմիր Մարկինի տվյալներով, Հարավային Օսիայի տարածքում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում առգրավվել են զենիթահրթիռային կայանքներ, որոնք ուկրաինական են՝ «ԲՈւԿ-Մ» եւ «ՕՍԱ-ԱԿԱ»։