Չորրորդ գյուղի տներից մեկի նկուղային հարկում վարձակալությամբ բնակություն հաստատած Ավետիսյանների ընտանիքին NEWS.am-ի հրապարակումից հետո տարբեր բարերարներ են սկսել օգնել։ NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Անահիտ Ղազարյանը, նշեց, որ տան երեք դպրոցահասակ երեխաներին ` 15–ամյա Գարիկին, 13–ամյա Անիին ու 11–ամյա Լիանային Ամանորի կապակցությամբ անծանոթները նվերներ ու գումար են ուղարկել, իսկ ինքը երեխաների համար տոնածառ է զարդարել՝ նրանց ուրախացնելու համար:
«Երեկ մեկն էլ 20.000 դրամ էր ուղարկել, ասել էր, որ երեխաների համար Ամանորին քաղցրավենիք առնեմ, որ ուտեն: Շատ մարդիկ են օգնել մեզ գումարով, հագուստով»,-ասաց տիկին Անահիտը՝ նշելով, որ Գարիկի, Անիի ու Լիանայի համար տանն արդեն տոնածառ է զարդարել, որպեսզի երեխաները գոնե դրանով ուրախանան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չորրորդ գյուղի տներից մեկի նկուղային հարկում վարձակալությամբ բնակություն հաստատած Ավետիսյանների ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Տան երեք դպրոցահասակ երեխաները` 15–ամյա Գարիկը, 13–ամյա Անին ու 11–ամյա Լիանան, տան 38-ամյա մայրը՝ Անահիտ Ղազարյանը, ուրիշների տները մաքրելով, գորգեր լվանալով հազիվ է կարողանում օրվա հացի գումար վաստակել, իսկ ամուսինը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել աշխատելու, բայց գործերը լավ չեն, առողջականը` նույնպես, հնարավորություն չունի անգամ Հայաստան վերադառնալու։
Անահիտի ընտանիքը միշտ չէ, որ նման ծանր սոցիալական վիճակում է եղել։ Ամուսնանալուց հետո նա ամուսնու հետ բնակվել է նրա սեփական տանը, երեք երեխա ունեցել, նրանց ապագայի հետ կապված ծրագրեր կազմել։ Ամուսնու մեկնելուց հետո սկեսրայրը հարսին ու թոռներին տնից դուրս է հանել։



























