Հանքային ջրերի հայկական շուկան նկատելի փոքրացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանի տնօրեն Հակոբ Պողիկյանը:

«Նվազել է ապրանքաշրջանառությունը, ընկել է գնողունակությունը, մարդիկ են պակասել: Ե՛վ ցանցերից, ե՛ւ սովորական խանութներից պատվերները պակասել են: Դա մեզ հատկապես ուժեղ է հարվածում, քանի որ հանքային ջուրը առաջին անհրաժեշտության ապրանք չէ: Եթե չհաշվենք հատուկ հիվանդություններ ունեցող մարդկանց: Սակայն սպառողների լայն շրջանակի համար՝ ոչ»,- նշել է Պողիկյանը:

Նրա խոսքով՝ մրցունակ գնով դժվար է դուրս գալ ռուսական շուկա. հաշվի առնելով հանքային ջրի համեմատաբար ցածր արժեքը, այն տեղափոխելու ծախսերից հետո չի արդարացնում իրեն:

«Իրանի դեպքում նման խնդիր միգուցե եւ չկա, սակայն նրանց մոտ մաքսազերծման բարդ պայմաններ են: Մենք մի քանի անգամ բանակցել ենք գնորդների հետ, նմուշներ ենք ուղարկել անալիզի, սակայն համաձայնություն այդպես էլ չի կնքվել», - ասել է Պողիկյանը: