Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 25-ին զոհված վանաձորցի 18-ամյա Կարեն Աքուլյանի դպրոցում չեղյալ են հայտարարել նախապես ծրագրված ամանորյա միջոցառումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարենի հարազատներից տիկին Էլյան:
Տիկին Էլյան առաջինն է տեղեկացել ողբերգական դեպքի մասին «Մեզ վայենկոմատից եկան ասացին, որ երեխան վիրավորվել ա, ուսից խփել են: Հարազատներով հավաքվեցինք մեր տանը, նախապես շտապօգնություն կանչեցինք, հետո նոր գնացինք ծնողներին հայտնելու»,-պատմեց տիկին Էլյան:
Կարենի մարմինը Վանաձոր են տեղափոխել այսօր, հոգեհանգիստը նախատեսված է վաղը, իսկ հաջորդ օրը Կարենի մարմինը հողին կհանձնեն զինվորական կարգով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կարենը անապահով ընտանիքից էր, տան կրտսեր եւ արու զավակը, նա դպրոցական տարիներից աշխատել է ծնողներին օգնելու համար:
Կարենի ուսուցիչները, դասընկերները, ծանոթները նրան բնութագրում են որպես շատ խելացի, համեստ տղայի:
Նշենք, որ Կարենը 5 ամիս առաջ էր մեկնել ծառայության:




























