Այսուհետ Երեւանում կգործի «Դարակ» անունով նոր հրատարակչությունը:

Այն առաջնային խնդիր է համարում ակտիվ շփումը ոչ միայն հայաստանյան գրական աշխարհի, այլեւ կարեւորում է բաց երկխոսությունը հասարակության լայն շրջանակների հետ:

«Դարակ»-ն իր հրատարակելիք գրքերի ցանկում ընդգրկել է այնպիսի գրքեր, որոնք կնպաստեն հասարակության մեջ առկա խնդիրների վերհանմանը: Առաջին գիրքը Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակն» է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին:  Գիրքն ընդգրկվել է «Սաֆո» մատենաշարում, որում ներկայացվելու են միայն կին հեղինակներ եւ բարձրացվելու է կնոջ իրավահավասարության խնդիրները: Հրատարակչությունը նախատեսել է նաեւ այլ մատենաշարեր: Դրանցից է «Արկած» մատենաշարը, որտեղ տեղ են գտնելու պատանիների համար նախատեսված այնպիսի հայտնի ստեղծագործություններ, որոնք նախկինում չեն հրատարակվել:

Մատենաշարի առաջին գիրքը լինելու է Մարկ Տվենի «Խորհրդավոր անծանոթը» վեպը: «Պրոցես» մատենաշարը հետամուտ է լինելու արդի հայ գրականության ընթացքին` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երիտասարդ ստեղծագործողներին: