Ստամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսի վարորդը խուսափել է խոշոր վթարից իր փորձառության շնորհիվ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոբուսի ուղեւոր Վ. Մնացականյանը։

«Ես քնած եմ եղել, դմփոցից եմ արթնացել, բայց պատմում էին, որ ֆուռն ա եկել, մեզ խփել, վարորդն էլ լավ վարորդ էր, փախցրել ա, ոչ մեկին ոչ մի բան չէր եղել»,-ասաց վթարված ավտոբուսի ուղեւորը։

Վ. Մնացականյանը նշեց, որ բոլոր 31 ուղեւորներն անվնաս տեղափոխվել են նախ Ստամբուլ, ապա Հայաստան։

«Մի քանի ժամվա ընթացքում սարքեցին, նորմալ եկանք-հասանք Հայաստան»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:

Զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: