Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանում սկսել են գործել տարադրամի փոխանակման ժամանակ հաճախորդի նույնականացմանը վերաբերող նոր կանոնները: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Ռուսաստանի Բանկը սահմանել է, որ նորամուծությունը վերաբերելու է 15 հազար ռուբլուց ավելի գումարի փոխանակմանը: Այդ դեպքում հաճախորդը ստիպված կլինի անձնագիր ներկայացնել եւ կապի տեղեկատվություն տրամադրել (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստի հասցե): Ընդ որում, ֆինանսական կազմակերպությունը կարող է տեղեկություն պահանջել հաճախորդի ֆինանսական դրության, նրա գործարար վարկանիշի, փոխանակվող գումարի ծագման աղբյուրի մասին:
Մինչեւ 15 հազար ռուբլի գումարի դեպքում հատուկ հարցաթերթիկ լրացնելու անհրաժեշտություն չի լինի: Նախկինում 15 հազարից 600 հազար ռուբլու չափով տարադրամի փոխանակման ժամանակ պահանջվում էր նշել անունը, ազգանունն ու հայրանունը, ինչպես նաեւ անձնագրային տվյալները:
Տարադրամի փոխանակման կանոնների խստացման մասին երկրի Կենտրոնական բանկը հայտարարել էր դեկտեմբերի 24-ին: Բանկը վստահեցրել էր, որ նորամուծությունը հաճախորդների համար լրացուցիչ դժվարություններ չի ստեղծի:



























