Հայկական երգարվեստում եղեռն է, բայց վտանգավոր են ոչ թե այն երգիչները, ովքեր իրենց կլկլոցով աղտոտում են Օպերայի ազգային ակադեմիական թատրոնի բեմը. ավելի վտանգավոր են նրանց հովանավորները, սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը։
Նրա խոսքով, քիչ արվեստագետներ են մնացել, ովքեր չեն խաբում ժողովրդին եւ փորձում են սեփական սկզբունքերին չդավաճանելով՝ իրենց փոքրիկ ներդրումն ունենալ հայ երգարվեստի մեջ։ «Հարգելի ժողովուրդ, թույլ մի տվեք, որ որոշ երգիչներ «ֆոնոգրամաներով» եւ ձայնագրություններով խաբեն ձեզ։ Բեմից 2 մետր հեռավորության վրա նրանք, անկարող լինելով երգել կենդանի ձայնով, խաբում են բոլորիդ։ Դուք տոմս եք գնում, գնում համերգի, որ ձեզ խաբե՞ն»,- հարց հնչեցրեց Լեյլա Սարիբեկյանը՝ հավելելով, որ անգամ ձայնագրություններով համերգներն արգելող օրենքից հետո շատ են այն երգիչ-երգչուհիներն, ովքեր շարունակում են երգել «պլյուս ֆոնոգրամայով»։
«Մի անգամ ես համերգի կազմակերպիչների առաջ հարց դրեցի, որ չեմ մասնակցի այն համերգին, ուր ներկա կլինի նաեւ ֆոնոգրամայով երգող մի երգչուհի։ Ինչո՞ւ պետք է նա էլ նույն գումարը վաստակի, ես էլ, որ երգում եմ կենդանի ձայնով»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ այս հարցին մոտեցումը պետք է լինի «ամենաբարձր ատյաններից»։
Ասուլիսին ներկա երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն էլ ավելացրեց, որ «Մշակույթի նախարարը սաղ գործը թողել, նստել-մտածում է՝ ոնց պիտի երգեն»։ «Նպատակը թողած՝ ընկել ենք միջոցների հետեւից։ Բայց կարեւորն ուրիշ բան է։ Թող թեկուզ ֆոնոգրամա լինի, բայց երգն ասելիք ունենա»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հայ երգարվեստում տիրող իրավիճակը պայմանավորում է անորակ երաժշտության քարոզչությամբ։ «Մարդկանց այլ բան չի առաջրկվում։ Բայց անգամ ռեստորանային երաժշտության սիրահարները չեն կարողանում անտարբեր մնալ Հախվերդյանի ու Չելենտանոյի արվեստի նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ նրանց նաեւ նման երաժշտություն չպիտի մատուցվի»,-ամփոփեց Ամալյանը։





























