Լոնդոնի «Սոթփիս» հայտնի ընկերությունը Մոնակոյի արքայազն Ալփեր իշխանի հովանավորությամբ եւ մասնակցությամբ կազմակերպել է աճուրդ՝ նվիրված Ուինսթոն Չերչիլի մահվան 50-ամյակին:

Աճուրդի գլխավոր կազմակերպիչներն էին արքայազն Ալփերը եւ Միացյալ Թագավորության Մոնակոյի դեսպան Էվելին Ջենթան եւ ՄԹ-ում հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Հանգանակված ամբողջ դրամը հատկացվել է Իշխան Ալփերի բարեսիրական նախաձեռնություններին, ինչպես՝ կլիմայական փոփոխությունների ազդեցության նվազմանը, կենսաբազմազանության պահպանում եւ անապատացման դեմ պայքար:

Աճուրդի էին հանվել Չերչիլի սիրած խմիչքները, հայտնի վաճառանիշներով հագուստները եւ բազմաթիվ այլ իրեր:

Աճուրդի ընթացքում ամենից շատ ուշադրության են արժանացել ծանոթ քանդակագործ Օսկար Նեմոնի քանդակած Չերչիլի կիսանդրին եւ տասնամյակների հնություն ունեցող մի շիշ «Արարատ» կոնյակը, որի պատմությունը բավական ուշագրավ է եւ հետաքրքրական: Տարիներ առաջ 70 տարեկան այդ եզակի կոնյակը վաճառքի էր հանված Քրիսթիս աճուրդի տան կողմից՝ ավելի քան 15 հազար ֆունտ սթերլինգ արժեքով:

Փաստաթղթերի համաձայն, այդ շիշը լցված էր նույն տակառներից, որոնցից ժամանակին Ստալինի կարգադրությամբ կանոնավոր հաջորդականությամբ երկար տարիներ կոնյակ է մատակարարել Չերչիլին: Այդ բացառիկ կոնյակը աճուրդին տրամադրել է Արմեն Սարգսյանը:

Աճուրդի սրահում հավաքվել էին արիստոկրատիայի վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այն, ինչ կատարվեց աճուրդի ընթացքում, գերազանցեց բոլոր ակնկալիքները. 70 տարեկան կախարդական հեղուկը վաճառվել է 80 հազար ֆունտ սթերլինգով (120 հազար դոլար):

Մասնակիցները աճուրդի ամբողջ տեւողությանը զարմանքով եւ հիացմունքով էին խոսում Հայաստանի մասին:

Մառախլապատ Ալբիոնում հայկական կոնյակի այս աննախադեպ հաջողությունը, հույս ունենք կնպաստի «Արարատ» բրենդի համբավի տարածմանը: