Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնագիր է ստորագրել Եվրոպական ներդրումային բանկի կողմից (ԵՆԲ) ագրարային ոլորտում աջակցության տրամադրման մասին, տեղեկացնում է «112 Ուկրաինան»:
«Երկուշաբթի` դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ստորագրել է Ուկրաինայի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ֆինանսական համաձայնագիրը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա Ուկրաինայի ագրարային ոլորտին աջակցելու նպատակով 12 տարով 400 մլն եվրո ներգրավել չորսամյա արտոնյալ ժամանակաշրջանով: Նախատեսված է միջոցներն ուղղել հատիկային եւ ձիթատու մշակաբույսերի աճեցման ոլորտում նախագծերի իրականացմանը, Ուկրաինայում ձկնային տնտեսության եւ ջրամշակության արդիականացմանը:
Նախագծի շրջանակում որպես վարկատու հանդես կգա Եվրոպական ներդրումային բանկը: Որպես ռեսուրսների փոխառու հանդես կգա Ուկրաինան ի դեմս ֆինանսների նախարարության, որը ագրարային քաղաքականության եւ սննդամթերքի նախարարության մասնակցությամբ Ուկրէքսիմբանկի համագործակցությամբ կիրականացնի նախագծերի ընտրությունը եւ նրանց գործնական իրականացման մոնիտորինգը:



























