Եկող տարվանից Իսպանիան եւ Բելգիան ռոտացիոն կարգով կսկսեն ապահովել Բալթիայի երկրների օդային տարածքի պարեկումը, երկուշաբթի տեղեկացրել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 

Այժմ Բալթիայի երկրների երկինքը պաշտպանում են գերմանական եւ նորվեգական ՌՕՈՒ-ները: Գերմանիայի ՌՕՈՒ-ի կործանիչներն արդեն չորրորդ անգամ մասնակցում են օդային առաքելությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գերատեսչության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Իսպանիայի ՌՕՈՒ-ի չորս  Eurofighter Typhoon կործանիչ տեղակայված կլինի Լիտվայում, իսկ բելգիական   F-16-ները` Էստոնիայում:

Բալթիայի երկրներում չեն տիրապետում օդային պարեկման համար պիտանի ինքնաթիռների, այդ պատճառով  2004-ի ապրիլից ի վեր (նրանց` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո) օդային տարածքի պաշտպանությամբ ռոտացիոն կարգով զբաղվում են Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռները, որոնք տեղակայված են Լիտվայի Զոկնյայ օդանավակայանում` Շաուլյայից հինգ կմ հեռավորության վրա, ինչպես նաեւ էստոնական Էմարի ավիաբազայում, որը   2014-ից ՆԱՏՕ-ի ինքնաթիռների տեղակայման լրացուցիչ հարթակ է դարձել: