Ահաբեկչական ԻՊ խմբավորման գրոհայինները սպանել են 30 անչափահասի, որոնք հրաժարվել էին Ռամադի քաղաքում կռվել իրաքյան կառավարական զորքի դեմ:
Այդ մասին տեղեկացրել է «Աս-Սումարիա» ալիքը` մեջբերելով իրաքյան Նինվեի (վարչական կենտրոնը` Մոսուլ քաղաք) նահանգի ներկայացուցչի վկայությունը: Նրա խոսքով, ԻՊ-ի կողմնակիցները «հաշվեհարդար են տեսել 30 պատանու նկատմամբ, որոնց տարիքը չէր գերազանցում 16 տարին»: Նրանց մեղադրել են իրաքյան բանակի գրոհի ընթացքում Ռամադի քաղաքից դասալքելու համար: Պատանիների խմբին, որոնք հրաժարվել էին մասնակցել Ռամադիի մարտերում եւ փախել էին ԻՊ-ի դիրքերից, հասցրել են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք: Նահանգի խորհրդի անդամը հավելել է, որ «բոլոր 30 պատանուն հրապարակայնորեն սպանել են Մոսուլի հարավային մասում գտնվող Էլ-Կիյարա շրջանի գլխավոր հրապարակում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:




























