Խոշորագույն ավիաարտադրողները, ներառյալ  Airbus-ը եւ Boeing-ը, ավտոմատացված համակարգ են մշակում, որը հնարավորություն կտա ուղեւորատար եւ բեռնատար ինքնաթիռներում հրաժարվել երկրորդ օդաչուներից, տեղեկացնում է   Lenta-ն՝ վկայակոչելով The Times-ին:

Նոր տեխնոլոգիայի վրա ընդհանուր առմամբ  35 ավիաարտադրող եւ հետազոտական խումբ է աշխատում: Ենթադրվում է, որ նման համակարգի ներդրումը ընկերություններին հնարավորություն կտա գումար խնայել կադրերի վրա, ինչը կնվազեցնի թռիչքի ինքնարժեքը, ինչպես նաեւ կբարձրացնի անվտանգությունը` նվազեցնելով մարդկային գործոնով պայմանավորված սխալների թիվը: Նախագծի ֆինանսավորմամբ զբաղվում է Եվրահանձնաժողովը, նշում է պարբերականը:

Նախագիծը կոչվում է ACROSS, ինչը վերծանվում է որպես «կատարելագործված օդաչուական խցիկ սթրեսի եւ աշխատանքային ծանրաբեռնվածության նվազման նպատակով», տեղեկացնում է «Բի-բի-սի-ի ռուսական ծառայությունը»: Խոսքը, ըստ էության, ավելի կատարյալ ավտոպիլոտի մասին է, որը կկարողանա ինքնաթիռը կառավարել վատ եղանակի պայմաններում, վթարային իրավիճակներում, ինչպես նաեւ խիստ ծանրաբեռնված օդային տարածությունում: Նախագծի մշակումը նախատեսված է ավարտել մոտակա կես տարվա ընթացքում:  Սակայն փորձագետները մտավախություններ են հայտնում, որ համակարգը չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված խնդիրները:   The Times-ի բերած տվյալների համաձայն, թռիչքների ընթացքում վտանգավոր միջադեպերի զգալի քանակությունը կանխարգելում են հենց օդաչուները, որ թե ավտոմատիկան: Միաժամանակ նախագծի ստեղծողներն ընդգծում են, որ  2010-ին դեպքերի 60 տոկոսում ավիաաղետները տեղի են ունեցել անձնակազմի գործողությունների հետեւանքով: