Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել կլոր սեղան՝ «Շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն ազդեցությունների հետազոտություններ, փորձի փոխանակման հարցեր Ճապոնիայի համապատասխան առաջատար կառույցների հետ» թեմայով:

Բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների եւ մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ տեղեկատվության եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, ինչպես նաեւ Ն.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ։

Հաշվի առնելով կլոր սեղանի ընթացքում ներկայացված հիմնախնդիրների եւ հնչեցված զեկույցների արդիականությունը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն ճապոնական գործընկեր-կառույցների հետ նախատեսում է Webinar (on-line համաժողով) անցկացնել։ Այն առաջարկվում է նվիրել շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն եւ այլ ազդեցությունների հետազոտությունների եւ առավել արդիական խնդիրների մշտադիտարկումների քննարկմանը, ինչպես նաեւ Ճապոնիայի եւ Հայաստանի առաջատար կառույցների տեսական եւ գործնական, այդ թվում՝ իրավակիրառական փորձի ներկայացմանը։

Արդյունքում կազմվել է 17 հարց պարունակող օրակարգ՝ շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն եւ այլ ազդեցությունների հետեւանքով ի հայտ եկած համախտանիշների եւ հիվանդությունների առաջացման պատճառա-հետեւանքային կապի բացահայտման մեթոդաբանությունը, քրեական, քաղաքացիական, վարչական օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն եւ այլ ազդեցությունների հետեւանքով մարդու առողջությանը պատճառված վնասի վերաբերյալ, էկոլոգիական խախտումների հետեւանքով մասնագիտական հիվանդությունների առաջացման բացահայտման կարգը, մթնոլորտ արտանետումների գնահատման եւ կանխատեսման մոդելավորումը Ճապոնիայում (Ճապոնիայի եւ Հայաստանի փորձի ներկայացումը) եւ այլն։

Նպատակ ունենալով ստեղծել համապատասխան նախադրյալներ գիտագործնական, փորձագիտական ոլորտներում հետագա հայ-ճապոնական համագործակցության համար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն 2016 թվականին նախատեսում է առցանց համաժողովներ անցկացնել մի շարք թեմաներով. «Շենքերի, շինությունների սեսմակայունության անվտանգության պահպանման եւ կանխարգելման հետ կապված հարցեր», «Սննդամթերքի անվտանգության ապահովման կանոները եւ քրեագիտության բնագավառում կատարվող հետազություններ եւ ուսումնասիրություններ» եւ այլն: