Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի 184 բնակիչ Գեղանուշի պոչամբարի պատճառած վնասների փոխհատուցման պահանջ-նամակ է հղել «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
Նամակի պատճեներն ուղարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ սեփականատեր անգլիական «Վաթրին Ինվեսթմընթ» ՍՊԸ-ի տնօրեն Ջերեմի Կուպերին, Կանադական «Դանդի Փրիշըս Մեթալս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Հաուսին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տնօրենությանը: Պահանջ-նամակում ասված է.
«Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։
Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլեւս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է եւ հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել եւ ամայացել են. կտարտվել եւ վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:
Պոչամբարի վերագործարկման հետեւանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին եւ ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն լցվելու հետեւանքով շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում: Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում գլխավորապես առավոտյան: Պոչամբարի վերագործարկումից առաջ եւ հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որեւէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ կան եւ կլինեն: Ակնհայտ է, որ պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…
Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր եւ մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաեւ այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:
Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետեւանքով մեր կրած վնասները եւ բաց թողնված օգուտները»։



























